ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ՝ վերջին բանակցությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով։ «Մի կողմից, մենք փորձում ենք խաղաղության հասնել և վերջ դնել շատ արյունալի, թանկարժեք և կործանարար պատերազմին, ուստի որոշակի համբերություն է պահանջվում։ Մյուս կողմից, մենք զուր վատնելու ժամանակ չունենք։ Աշխարհում շատ այլ բաներ են տեղի ունենում, որոնց մենք նույնպես պետք է ուշադրություն դարձնենք»,- ընդգծել է Ռուբիոն։               
 

Քրիստոնյա հայ եղբայրնե՛ր (ես փափագում եմ, որ դուք այսօր Աստված տեսնեք)

Քրիստոնյա հայ եղբայրնե՛ր (ես փափագում եմ, որ դուք այսօր Աստված տեսնեք)
10.04.2012 | 00:00

ԲԵՆԻԿ ՎԱՐԴԱՊԵՏ

Ո՞Ւր է Աստված, ո՞վ է Աստված, ի՞նչ է Աստված։ Դարերի ու ժամանակների սկզբում, երբ մարդկությունը նոր էր ծնվում, նորածին մանկան առաջին հարցական ճիչն էր դա. «Ի՞նչ է Աստված»։ Ժամանակներն իրենց ճանապարհին բյուրավոր սերունդների կյանքը կարճելով` մարդկանց երամ-երամ հողերի ծոցն ուղարկեցին. գերեզմանի բերանում մեռնող ալևորի վերջին հարցական հոգոցն էր դա. «Ո՞Ւր է Աստված»։ Երիտասարդության բորբոք երևակայությունը, այր մարդու հասուն միտքը, վշտավորի ցաված սիրտը միշտ այդ հարցն են տալիս. «Ո՞վ է Աստված»։

Մարդու հոգուց բեկված այդ հարցմունքին` ի՞նչ է Աստված, ո՞ւր է Աստված, ո՞վ է Աստված, դարերն ու ժամանակները տարբեր ձևով են արձագանքել։

Ահավասիկ այդ արձագանքները։

Աստված ձայն է, ասում է հրեական իմաստությունը, Աստվածաշնչի արձագանքը. «Մովսէս խօսէր և Աստուած տայր նմա ձայն» (Ելք, ժթ-19)։ «Զկնի նորա (Աստուծոյ) գոչեսցէ բարբառ, որոտասցէ ձայնիւ բարձրութեան իւրոյ» (Հոբ., լէ-4)։

Աստված որոտացող ձայն է, Աստված այրող կրակ ու բոց է, Աստված մանրող ու փշրող զորություն է. «Ձայն Տեառն ի վերայ ջուրց և Աստուած փառաց որոտած։ Ձայն Տեառն փշրէ զմայրս և մանրէ տէր զմայրսն Լիբանանու։ Ձայն Տեառն հատանէ զբոց հրոյ։ Ձայն Տեառն շարժէ զանապատն և խռովեցուցանէ Տէր զանապատն կադէս» (Սաղմ. իը-9։ «Եւ եղև յաւուրն երրորդին ընդ առաւօտսն ձայնք և փայլատակունք և ամպ միգախառն ի վերայ լերին Սինայի լինէին և ձայն փողոյն հնչէր մեծաձայն և զարհուրեցաւ ամենայն ժողովուրդն, որ էր ի բանակի անդ» (Ելք, ժթ)։

Որոտացող ձայնը միաժամանակ և շարժողություն է. «Եւ եղիցի յորժամ լսիցես զձայն շարժման անտառին Լալօնից, յայնժամ իջցես առ նոցա, քանզի յայնժամ ելցէ Տէր առաջի քո կոտորել ի պատերազմի այլազգիսն» (Բ. թագ. ե-24)։

Որոտացող և շարժող ձայնը ամպի մեջ է երևում, ծխի մեջ, լեռների գլխին, ուր Աստվածն է իջնում. «Ահաւասիկ ես եկից առ քեզ սևամբ ամպոյ» (Ելք, ծթ-9)։ «Եւ լեառն Սինայ ծխէր առհասարակ, քանզի իջեալ կայր Աստուած ի վերայ նորա հրով և ելանէր ծուխ նորա իբրև զծուխ հնոցի և զարհուրեցաւ ամենայն ժողովուրդն յոյժ» (Ելք, ժթ-18)։

Ամպով ու ծխով, հողմերով ու մեգով, շարժումներով ու ձայնով, բոց ու կրակով ժուռ եկող Աստվածը` հրեական Եհովան, լոկ սարսափի, այրելու, խորտակելու վրեժխնդիր Աստված է, նրա ձայնից խեղճ մարդիկ սարսափում ու փախչում են.«Ի սաստէ քումմէ փախիցեն և ի ձայնէ որոտացող քումմէ սարսիցեն» (Սաղմ. ծգ-7)։

Սակայն նույն սոսկալի Աստվածը մերթընդմերթ իր հլու-հնազանդ զավակ հրեային շնորհ է անում և ուղարկում ցորեն, գինի, յուղ։ Այդ ժամանակ նա մայր երկրի վրա երևում է իր զորությամբ. «Ահաւասիկ ես առաքեմ ի ձեզ զցորեան և զգինի և զիւղ և լցջիք ի նոցանէ» (Հովել մարգ. Բ. 19)։

ՈՒրեմն, հրեական Աստվածը` Եհովան, ծովերի հողմերն է, երկնից ծխացող ամպն է, հրացոլք կայծակն է` իր որոտացող ձայներով, ստնտու մայր հողն է։ Մի խոսքով` բնություն է Աստված։

Ահաբեկող Եհովայի զավակները չեն հրեաները, այլ լոկ ծառաները, ստրկամիտ ծառաները, որոնք ազատ միտք, կամք ու զգացմունք ունենալու իրավունք չունեն, նրանք միայն պիտի որոտացող Աստծու նշաններով առաջնորդվեն, նրա առջև ծնկի գան և աղերսեն մեղմել սարսափները։

Հրեան կյանք չունի, որովհետև կյանքը ազատ մտածելու, ազատ կամենալու, ազատ զգալու մեջ է։ Իսկ սարսափի զավակը այդ ազատությունն ունենալ չի կարող։

Եհովայի պաշտամունքի սեղանը դրվում է Սիոն սարի վրա, նրա երկրավոր ներկայացուցիչները` քահանա ու թագավոր, հավատարիմ իրենց նախատիպին, հուր ու սուր են կախում հրեական ժողովրդի գլխին։ Այստեղ Ահարոն քահանայապետն օր ու գիշեր զոհ է ընդունում, օր ու գիշեր զոհարանի ծուխն ու բոցը դեպի երկինք` դեպի Եհովան են բարձրանում, և ո՞վ է այն հանդուգն արարածը, որ կհամարձակվի զոհ չբերել. Ահարոնը Եհովային կխնդրի, նա իր հրեղեն նետերով կպատռի երկրի կուրծքը, և անհնազանդը Կորխի ու Դադանի նման անդունդներին կուլ կգնա։ Հրեական թագավորը` Եհովայի երկրավոր մտրակը, ամենայն հավատարմությամբ պահպանում է Եհովայի սարսափի թագավորությունը։ Հրեական բոլոր կանայք նրանն են. հրեական թագավորի համար ի՞նչ դժվար բան է, 40 կին ունենալով հանդերձ, ՈՒրիային սպանել և նրա կնոջը` գեղեցկուհի Բերսաբեին էլ պահել։ Ո՞վ կարող է հրեից թագավորի ձեռքը բռնել, երբ նա կամենա Բեթղեհեմի անմեղ մանուկների արյունով գրել Եհովայի օրենքը։

Այսպիսով, Եհովայի սարսափեցուցիչ իշխանությունը հաստատվում է Հրեաստանում, և հրեայից խույս են տալիս կյանքն ու նրա քաղցրությունը։ Բռնության երկրպագությունը հալածում է կյանքի թագավորությանը և մահվան սևերով ամպոտում մարդու միտքն ու հոգին։

Բոլոր հին ազգերը նույն բնության մեջ էին որոնում Աստծուն. երկնքի հուրն ու կայծակը, որոտն ու կարկուտը, ծովերի հողմերն ու ալիքները, գետերի մռունչն ու հորձանքը աստվածային արտահայտություններ էին. սարսափեցնող աստվածների բռնավոր զորություններն իրենց թագավորությունը հիմնեցին երկրի վրա, նրանց երկրավոր փոխանորդները հուր ու սրով սկսեցին կառավարել մարդկությանը։ Երկնքի ու երկրի սարսափն արձանացավ կուռքերով և ատրուշաններով, որոնց բազուկների վրա ու կրակոտ ծոցում ամեն օր մարդկային զոհ էր ճենճերում. մահվան այդ թագավորությունում ամեն օր մեռնում, սպանվում էր կյանքը։

Եվ ի՞նչ եղան այդ ազգերը, ի՞նչ եղավ որոտացող Աստծո թագավորությունը։ Եկան առավել ուժեղ բռնավոր ազգեր, բռնությունը բռնությամբ վերացրին։ Կորան բռնավորները, ու նրանց հետ էլ կտրվեցին Բահաղի, Զևսի և նման աստվածների ձայները։

Ամեն մի ծայրահեղություն ծնում է հակառակ ծայրահեղություն։ Հունաց աշխարհում մարդկային միտքը արհավրալից աստվածների գերող շղթաներից խույս տվեց։ Նա ապստամբության ձայն առաքեց դեպ բնության ձայները` դուք աստված չեք, որոտ ու կայծակ, դուք աստված չեք, շանթ ու կրակ, Աստվածն այն միտքն է, որ ինձ ձեր գերության շղթաներից ազատեց։ Իսկ միտքը մարդու մեջ է միայն հնարավոր։ Մեր աստվածները, ուրեմն, մարդանման պիտի լինեն։

Եվ Օլիմպոս սրբազան սարի բոլոր աստվածները մարդկային հատկություններ ձեռք բերեցին։ Նրանք ուտում, խմում, ամուսնանում և աճում էին, նրանք կամենում և զգում էին, նրանք մարդկային առաքինություններ և ախտեր ունեին։ Նրանք զվարճությունների և հերոսական առաքինի գործերի մեջ ազատ էին, նրանք և՛ կյանք էին, և՛ մահ։

Այս մարդակերպ աստվածների դավանանքը ազատության դավանանք էր անխտիր, մարդկային կրքերի թագավորության դավանանք։ Ինչպես քաղցի ու ծարավի մատնված բանտարկյալ, ինչպես գինետուն ընկած գինեմոլ` հույն ու հռոմեացի ազգը` բնության բռնավոր պաշտամունքից երես թեքելով, իր մարմնական կրքերի գոհացման մեջ որոնեց Աստծուն.«Աստված, դու անսանձ կիրք ես»։ Այս նոր դավանանքի սեղանը զարդարվեց զեխությամբ, անառակությամբ, կրքերի ամպը ծածկեց մտքի աչքը, կրքերի կրակին զոհ գնացին մարդկանց այրական կամքը, առույգ մարմինը, և կրքերի մահահոտ թագավորությունը հզոր Հունաստանին ու Հռոմին գլորեց-տարավ հավիտենականության գրկում հանգչող Բաբելոնի, Եգիպտոսի մոտ։

Մաշված-ստվերացած մարդկության մի մասն այլևս չհավատաց աստվածների գոյությանը, մյուս մասն էլ կրքոտ, սանձարձակ աստվածներից երես դարձրեց և ապերջանկության խորին զգացումով նորից հարց տվեց. «Ո՞Ւր է Աստված»։ Նա ոչ բնության արհավիրքների, ոչ բռնության թագավորության, ոչ Օլիմպոսի շվայտ այգիների և ոչ կրքերի մահահոտ թագավորության մեջ չէ։

Ո՞Ւր է Աստված, ի՞նչ է Աստված, ո՞վ է Աստված։ Այս հարցերի պատասխանը մի մեղմ, անուշ խոսք էր` բան, որ մեղմ զեփյուռի հեզությամբ հնչեց Գալիլիայից, Կափառնայումի ծովակի ափից. «Աստուած էր բանն»։ Խոսքն է Աստված։

Այս ձայնը երկնքի որոտ չէր, ծովի ալիքի մռունչ չէր, այն բնության թաքստոցից չէր գալիս, այլ մի մարդու կրծքից, որ իրեն «Որդի մարդոյ» էր անվանում։ Նույն բանը` խոսքը, ինքն իրեն ճանապարհ, ճշմարտություն և կյանք անվանեց.«Ես եմ ճանապարհ, ճշմարտութիւն և կեանք» (Հով. ավ., ժդ-6)։ Նա ինքն իրեն Որդի Աստուծո կոչեց և երբ հարցրին. «Ցոյց մեզ զհայր և շատ է մեզ» (Հով. ավ., ժդ-9), նա պատասխանեց. «Ես ի Հայր և Հայր Յիս է»։ Ափիբերան եղան հրեան ու հեթանոսը, ուրեմն Աստված բան է, խոսք է և մարդացած։

Բռնավոր ուժը պաշտող հրեային եկել-տիրել էին նրանից առավել ուժեղ հռոմեացիները, հրեաների Եհովան կարծես թափել-վերջացրել էր իր բոլոր հրեղեն նետերը։ Նա այլևս օգնության չէր գալիս ընտրյալ ժողովրդին։ Հրեան` վրեժ-խնդրության կրակով ջերմացած, թե Եհովան մի հզոր իշխան պիտի երևան բերի, նրան զինի իր ահեղ զորությամբ, և նա` հռոմեացիների գլուխը ջարդելով, Հրեաստանից պիտի քշի նրանց, պիտի նվաճի ամբողջ աշխարհը և բոլոր ազգերին հրեաների ստրուկ դարձնի, պիտի փրկի Հրեաստանը։

Այդ ակնկալության օրերում նազարեթացի երիտասարդն ինքն իրեն Աստված ու հրեաների ակնկալած մեսիան քարոզեց։ Հրեաների օրենսգետ ու քաղաքագետ մեծ ու փոքրը շրջապատեցին Նրան և հրաշք ուզեցին` եթե դու Աստված ես և Աստուծո որդի, Եհովայի պես հրաշք գործիր, որ մենք քեզ հավատանք։ «Իմ թագաւորութիւն չէ յայսմ աշխարհէ», ձեր կարծած թագավորությունը չէ իմ թագավորությունը։ Դուք բռնություն եք ուզում, բայց բռնությամբ կյանք չունեցաք, հին ժամանակ որոտացող Եհովայի ստրուկներն էիք, այժմ էլ` հռոմեացիների, և դուք ուզում եք էլի մի ուրիշ բռնավորի գերին դառնալ, չէ, ես չեկա, որ դուք ստրուկ մնաք, ես եկա, որ դուք կյանք ունենաք. «Ես եկի զի զկեանս ունիցիք»։ Եվ նա կյանքի կանոնները տվեց, իր թագավորության հիմնական օրենքները։ Ահա դրանց իմաստը. Աստվածային հզոր հրաշագործ զորությունը ձեր սրտի և հոգու մեջ է, այնտեղ որոնեցեք Աստծուն։ Լուսավոր պահեցեք ձեր միտքը և նրա ծնունդ խոսքը, ազատ մտածեցեք, մաքուր պահեցեք ձեր սիրտը, դա Աստուծո տաճարն է, ազատ աղոթեցեք, մաքուր մտքերով ու մաքուր սրտով ուղղեցեք ձեր կամքը։ Միայն բարուն ու գեղեցիկին ձգտեցեք, այս բանին հասնելու համար սիրեցեք միմյանց։ Սերը բռնությունից ուժեղ է, նրանից հրաշագործ։ Սերը Աստված է, հավատացեք նրան, և ձեր հոգեկան աշխարհում ամենամեծ հրաշքը կկատարվի, այն է` հոգու վերանորոգում, և դուք բռնակալ ուժերի պետք չեք ունենա, այլ ազատ կյանք` ազատ մտքով, ազատ սրտով, ազատ կամքով։

Եհովայի խարազանով դաստիարակված հրեան իր ակնկալության իրականացումը չտեսավ այդ նոր տեսակի Աստծուց, Նրան Աստվածուրաց մոլորեցնող հռչակեց ու բողոքեց բռնավոր Հռոմի ներկայացուցչին. բռնության սիրահար հրեան ու բռնության ներկայացուցիչ Պիղատոսը խաչեցին բանականության, սիրո, ազատության Աստծուն։

Այդ սոսկալի մահը հաստատեց Փրկիչ Հիսուսի քարոզած ճշմարտությունները։ Կյանքի ճանապարհն ու խաչյալ-թաղյալ ճշմարտությունը միայն երեք օր մնացին երկրի սրտում։ Ազատ միտքն ու խղճի ազատ ձայնը հնչեցին գերեզմանապահ զինվորի կրծքի ներքևում, և նա ցնցումով կարդաց. «Արդարև այրս այս Որդի Աստուծոյ էր»։ Աշխարհի անիրավ դատաստանը ցնցեց Փրկիչ Հիսուսի քարոզությանը ծանոթ աշակերտներին ու կրակի ոգևորությամբ լցրեց նրանց։ Նրանք ուխտեցին որպես փրկության ճշմարիտ ճանապարհ և կյանք` Քրիստոս քարոզել։ Աշխարհն սպանեց Փրկչին, որպեսզի նրա քարոզը լռի, բայց նույն քարոզի հեշտալուր ձայնից սար ու ձոր սկսեցին դղրդալ, Քրիստոսը հարություն առավ և իր աշակերտներին ու հավատացյալներին երևաց։ Նա անմահ է, քանզի իր քարոզն է անմահ։

Այդ քարոզի թովիչ ձայնը հասավ նաև հեթանոսներին, որոնք բռնությունից առավել բռնավոր կրքերի կապանքներով էին շղթայվել։ Մոլությունը, շվայտությունը, անժուժկալությունը վարագուրել էին հեթանոս Հռոմի ազատ միտքը, ապականել սիրտը, թուլացրել կամքը։ Նա անձնատուր էր եղել արյունոտ տեսարանների, ապականիչ գործերի ու չէր հագենում և այդ անհագ քաղցի մեջ տառապում էր, առանց կյանք ունենալու։

Այդ ժամանակ Հռոմի ականջին էլ հասավ Հիսուսի քարոզը նրա հետևորդների շուրթերով. «Ես եմ հացն կենաց»։ Քրիստոսն է Աստված, այլ ոչ ձեր մոլար մտքի ծնունդ կուռքերն ու մեհյանները, որոնք ձեր կրքերն են սրբագործում։ Քրիստոսը կյանք է. «Զի ինձ կեանք Քրիստոս է»։

Հրեաները հրաշք էին պահանջում Փրկչից ու նրա առաքյալներից, հեթանոսները` իմաստություն, մտքի զարգացում։ Երկուսն էլ կույր էին։ Եվ այդ կույրերի համար խաչի ճառը հիմարություն էր. «Զի ճառ խաչին կորուսելոցն յիմարութիւն է, այլ փրկելոցս մեզ` զօրութիւն Աստուծոյ»։ Խաչեցյալի զորությամբ ոգևորված առաքյալը ամենևին տարակույս չունի, թե Քրիստոսը պիտի հաղթի աշխարհին, ուստի ոգևորությամբ քարոզում է. «Իսկ որովհետև հրէայք նշան հայցեն և հեթանոսք իմաստութիւն խնդրեն, մեք քարոզեսցուք զխաչեալն Քրիստոս` հրէից գայթակղութիւն և հեթանոսաց յիմարութիւն»։ Եվ հրեաներին գայթակղեցնող ու հեթանոսներին հիմարություն երևացող խաչի ճառն ու խաչեցյալը հաղթեցին։ Քրիստոնեության արշալույսին հրաշք խնդրող հրեան բռնության մտրակով ցաքուցրիվ եղավ աշխարհիս վրա, միայն փիլիսոփայություն կամ գիտություն պահանջող Հռոմը իր ցամաք մտքին ու բորբոք կրքերին զոհ գնաց ու կորավ, իսկ վայրենի եվրոպացիները ունկնդիր եղան հարուցյալ Քրիստոսի ավետաբեր ավետարանին ու կյանք ստացան. «Ես եկի, զի զկեանս ունիցիք». կատարվեց աշխարհի ամենամեծ հրաշքը` մտքով կույր, սրտով արյունռուշտ բարբարոսը լուսավոր ու գթոտ դարձավ, ճիշտ այնպես, ինչպես քրիստոնյաների սպանիչ հրեա Սավուղը Քրիստոսաքարոզ Պողոս առաքյալ դարձավ. «Զի ինձ կեանք Քրիստոս է»։

Բռնությունը, հանձինս տիրող թագավորների, սիրո խաչի առջև ծունկ չոքեց, հանուն Հիսուսի հազարավոր սեղաններ կանգնեցվեցին, և նրանց վրա դրվեցին ազատ ու հրաշագործ միտքը, մաքուր ու անարատ սիրտը, բարի ու վայելուչ կամքը։ Սիրո քարոզը հաղթեց կրքերին ու բռնությանը և «բանն մարմին եղև և բնակեաց ի մեզ»։ Եվրոպան պինդ գրկեց ավետարանը, նրանով դաստիարակվեց։ Քրիստոսի կրոնն ու պաշտամունքը լուսավոր ազգերի ամենասուրբ պարտքն է։ Խոնարհ, ինչպես հեզ Քրիստոսը իր աշակերտների ոտքը լվանալիս, հավատով, ինչպես Փրկիչը Գեթսեմանի պարտեզում աղոթելիս, նա` բարեկիրթ եվրոպացին, գիտե աղոթել, գիտե հուզվել ու լալ, գիտե ծնկի գալ և հաղորդվել Փրկչի կտակած սուրբ հաղորդությամբ նրա հիշատակի համար. «Զայս արարէք առ իմոյ յիշատակի»։ Եվ Հիսուսը կենդանի է եվրոպացու սրտում, հոգու մեջ, ուստի եվրոպական կյանք ունի. «Ես եկի, զի զկեանս ունիցիք»։

Դարերի արձագանքներով կրկնվող հարցերը` ի՞նչ է Աստված, ո՞վ է Աստված, ո՞ւր է Աստված, իրենց ճշմարիտ պատասխանն ստացան։ Աստված որոտացող սարսափ չէ, ձայն չէ, բռնություն չէ, միտք չէ, Աստված բան է` խոսք, լուսավոր միտք է, սեր է, բարի կամք է։ Աստված ամպի, կրակի, ծխի, մառախուղի մեջ չէ, կապուտակ եթերքում չէ, կյանքից դուրս չէ, անհասկանալի էակ չէ, Աստված ձեր սրտի մեջ է, ձեր հոգու մեջ է, տիեզերքն իր մեջ ամփոփող մտքի մեջ է, լայնազատ սրտի մեջ, Աստված կյանքի մեջ է և շատ հասկանալի` մաքուր մտքի ու մաքուր խղճի առաջ։

Քրիստոս է Աստվածը` հզոր, անհաղթելի հրաշագործ միտքը մարդացրած, որը ոչ կհնանա, ոչ կանցնի։ Երկինքն ու երկիրը կանցնեն, բայց Քրիստոսի խոսքերը չեն անցնի։ Այդ խոսքը սեր է, իսկ սերը անանց է. «Եթէ մարգարէութիւնք խափանեսցին, եթէ լեզուք լռեսցեն, եթէ գիտութիւն խափանեսցի»։

Հայ քրիստոնյա եղբայրնե՛ր, մեր հոգու մեջ նսեմացել է Քրիստոսի պատկերը, կրքերի կրակը, բռնության մտրակը մեր պաշտամունքի առարկա են դարձել, և կյանքը խույս է տվել մեզնից։ Օրինակ առնենք լուսավոր, կրոնասեր Եվրոպայից, մաքրենք մեր սիրտն ու հոգին անմիտ խոհերից ու կրքերից, փարվենք սիրո և խաչի պատվանդանին, համբուրենք սիրաքարոզ Ավետարանը, հավատով աղոթենք Փրկիչ Հիսուսին։ Նրա հիշատակի համար հաղորդվենք նրա մարմնով և արյունով, որպես մեր սրբազան ուխտի կնիք, որպեսզի Բանը մեր մեջ մարմին և արյուն դառնա, Քրիստոսը նկարվի մեր հոգու մեջ, որ մեզ կյանք է տալու. «Ես եկի, զի զկեանս ունիցիք»։

Փառաբանենք միայն Քրիստոսին. «Քրիստոս է իմ Աստուած և փառաւոր արարից զՍա, Աստուած հոգի իմոյ և բարձր արարից զՍա»։ Սուրբ Աստված, սուրբ և հզոր, սուրբ և անմահ, որ մարդացար, որ մատնվեցիր, որ խաչվեցիր, որ թաղվեցիր, որ հարություն առար մեզ համար, որ խորտակեցիր բռնության դժոխքը, որ ավերեցիր կրքերի թագավորությունը, որ ազատ սերմ ցանեցիր անազատ մտքի, բռնության, կրքերի անդաստաններում, ողորմյա՜ մեզ։ Հարուցյալ Քրիստոս, հարություն տուր և մեր հիվանդ մտքին, կրքերով չարավալից սրտին, թուլացած կամքին, որ քեզ տեսնենք, որ կյանք ունենանք և ասենք. «Ինձ Քրիստոս կեանք է»։

Քրիստոս ի մէջ մեր յայտնեցաւ։

«Հովիւ», 1906 թ., թթ. 6, 7

Տպագրության պատրաստեց

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆԸ

Դիտվել է՝ 1493

Մեկնաբանություններ